Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
Տեղեկություններ սոսյաց անտառի և սոսի ծառի մասին
Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։
Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։
Ընդ եղեգան փող Այս հատվածը վահագնի երգում է։
Վահագնի երգը, հայ հնագույն առասպելաբանական երգ, գրառված և ավանդված 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու կողմից