Day: April 21, 2021

Նախապատրաստական աշխատանք ճամփորդությունից առաջ

Մայրաքաղաք Դվին

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի հարևանությամբ։ Քաղաքը ունեցել է 400հա տարածք, քաղաքը ամենա ծաղկուն ժամանակ ունեցել է 100.000֊ 150.000 բնակչություն։

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով:

բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում:

Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություն­ներ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագր­գռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայու­թյան տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:

VII դ. արաբները գրավեցին Դվինը` պատճառելով մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Արաբական արշավանքներն ավարտվեցին «Արմենիա» ոստիկանության ստեղծմամբ: Լինելով «Արմենիայի» կենտրոն` Դվինն ապրեց տնտե­սական նոր վերելք: Ըստ Ղևոնդ երեցի Աբ­դուլ-Ազիզը «Վերստին շինեց Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձակա­նիստ, քան եղել էր նախկինում, ամրացրեց դռներով և դռնափակերով, պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրեց քաղաքի ապա­հովության համար»: Արաբները Դվինում սկսեցին հատել պղնձե ու արծաթե դրամներ «Դաբիլ» մակագրությամբ:

Քաղաքի ավերակները դարերի ընթացքում ծածկվում են հողի հաստ շերտով` վերածվելով հողաբլուրների: Այն լավագույնս նկարագրել է անգլիացի հնագետ Ռո­­­­­­­բերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղա­քում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր: Անիում ես ինձ գտա շրջապատված հսկայական մեծության գերագույն հուշարձաններով: Արտաշատում (Դվինում), ես կանգնեցի նրա գերեզմանի վրա»: 1816 թ. Դվինում է լինում Մեսրոպ Թաղիադյանը, ով հստակ պատ­­­կերացում ուներ Դվին և Արտաշատ մայրաքաղաքների տեղագրության վե­րաբերյալ. «Ընդ գետն (Գառնու) ի վեր յարուցեալ՝ գտանք զաւերակս, բերդապարիսպ հզոր քաղաքին, զորմէ հաստատ էր Պօղոս վարդապետ, լինիլ մնացորդ նախնոյն Դվինայ՝ Ոստանին Հայոց»: Դվինի հնագիտական ու­սումնասիրության սկիզբը կապվում է Նիկողայոս Մառի անվան հետ, ով 1899 թ. մասնակի պեղումներ է կատարել միջնաբերդում: Կայսերական հնագիտական հանձնաժողովի որոշմամբ դարասկզբին Դվինում պեղումներ է կատարում Խաչիկ Վարդապետ Դադյանը:

1936 թ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը: 1937-1939 թթ. արշավա­խումբը գլխա­վորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը:

1946-1976 թթ. Դվինի արշավախմբի աշխատանքները ղեկավարում էր պրոֆ. Կարո Ղաֆադարյանը: Նրա աշակերտները հաջողությամբ շարունակեցին իրենց ուսուցչի գործը: Դվինի արշավախումբը դարձավ հնագիտական կադրերի մի դարբ­նոց: Դվինի պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրու­թյանը նվիրված են 20-ից ավելի մենագրություններ, 100-ից ավել հոդվածներ: Դվինը միջնադարյան հայ ճարտարապետության, շինարվեստի ձևավորման կարևո­րագույն օջախներից մեկն էր: Այդ առումով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում նրա պաշտամունքային և աշխարհիկ մոնումենտալ կառույցները, որոնք բավականին լավ են ուսումնասիրված և գիտական լայն շրջանառության մեջ են (Կարո Ղաֆադարյան, Վարազդատ Հարությունյան, Նիկոլայ Տոկարսկի և ուրիշներ):

1977-2010 թթ. Դվինի հնագիտական արշավախումբը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը:

Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:

Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաս­տահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կա­մարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավեր­ակվել է երկրաշարժերից:

Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմ­նադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):

Կաթողիկոսական երկրորդ պալատը գտնվում է Մայր տաճարից հյուսիս: Կա­ռուցվել է VII դ. II կեսին: Ճարտարապետական հորինվածքով սյու­նազարդ դահլիճ է` կից սենյակներով: Ունեցել է հարուստ գեղարվեստական հարդարանք:

Դվինի մոնումենտալ կառույցներից է և քաղաքային թաղամասերից մեկում (ներկայիս Հնաբերդ գյուղի տարածքում) բացված քաղաքային մեծ շուկան` տնտեսական համապատասխան կառույցներով:

Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:

Քաղաքի տար­բեր հատվածներում բացվել են խեցեղենի թրծման վառարաններ:

Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառա­զինվում էր:

«Մղոնաչապ»-ի տվյալներով Դվինն այն կենտրոնական հանգույցն էր, ուր խաչվում էին Արևելք-Արևմուտք առևտրական ուղիները: Պեղումների ժամանակ գտնվել են ապակե սպասքի հիանալի նմուշներ` բերված եգիպտական, սիրիական, միջագետքյան և բյուզանդական կենտրոններից, հախճապակե սպասքի անկրկնելի օրինակներ` պատրաստված Իրանի Ռեյ, Քաշան, Սուլթանաբադ քաղաքներում:

Դվինի միջնադարյան և վաղ երկաթեդարյան շերտերին զուգընթաց 1970-ական թվականներին հետազոտության հատուկ առարկա են դարձել նաև անտիկ ժամանակաշրջանի մշակութային հուշարձանները: Սրանց վրա VI-VIII դդ. միջնադարյան հզոր շերտերի պատմա-ճարտարապետական բացառիկ շինությունների առկայությունը խիստ հատ­կանշական է դարձնում քննվող շերտի ուսումնասիրությունը:

2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ.գ.թ. Հ. Մելքոնյանը, իսկ 2019 թ. առ այսօր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան: