Նուկլեինաթթու
Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։
